Լաս Վեգասում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպեր միջին քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի ու WBA վարկածով աշխարհի չեմպիոն Սաուլ Ալվարեսի մենամարտից անցել է արդեն համարյա մեկ շաբաթ, սակայն մարզաշխարհը չի դադարում եղածի մասին խոսելուց: Խնդիրը բնավ էլ այն չէ, որ մասնագետները, ոլորտի հեղինակություններն այն որակել էին «տարվա մարտ»: Իրականում այս հանդիպումը եղածից շատ ավելին էր ժամանակային նեղ շրջանակի մեջ դիտարկելու համար: Փորձենք հիմնավորել:
Տարիներ շարունակ աշխարհը ցանկանում էր արժանանալ Մեյվեզեր-Պակեաո մարտը տեսնելու երջանկությանը: Երեք տարի այս թեման հնարավոր բոլոր օղակներում ու տեղերում «եփվեց», սակայն գործն այդպես էլ չհասավ ռինգին: Խոշորագույն այս բռնցքամարտիկների ակնկալված մրցամարտը կազմակերպելուն մշտապես ինչ-որ բան խոչընդոտում էր, իսկ մի պահ, երբ թվաց, թե անհաղթահարելի արգելքներ այլևս չկան, Մեյվեզերն աստղաբաշխական գումարի պահանջ ներկայացրեց` ամերիկյան 50-60 միլիոն դոլար: Սա կազմակերպիչների, հեռուստաընկերությունների համար շոկային իրավիճակ էր, քանզի պրոֆեսիոնալ բռնցքամարտի պատմության մեջ, նախ, երբեք նման թիվ չէր հնչել առանձին վերցրած մեկ մարտի համար, երկրորդ, բնականաբար հարց էր առաջանում` բա այս դեպքում ինչքա՞ն վճարել ֆիլիպինցուն, ով բոլոր ժամանակների թիվ մեկ բռնցքամարտիկի ոչ պաշտոնական տիտղոսի տիրակալն էր: Միամտություն կլինի կարծել, թե սրանով ամերիկացին փորձում էր արդարացնել իրեն շնորհված «միստր Փող» մականունը: Ակնհայտ էր, որ նա պարզապես խուսափում էր Պակեաոյի հետ հանդիպելուց: Իր հերթին ֆիլիպինցին էլ առանձնապես չէր ջանում Մեյվեզերի հետ հանդիպել: ՈՒ քանի որ երկուսով նույն ուղղությամբ էին «նայում», իսկ չեմպիոն լինելը ոչ մի կերպ, բնականաբար, չի ազատում հերթական մրցամարտ ունենալու պարտադրանքից (գոյություն ունի ժամանակային լիմիտ), երկուսն էլ 2012-ին ունեցան հերթական մարտեր հերթական մրցակիցների հետ: Դրանցում Մեյվեզերը հաղթեց, Պակեաոն պարտվեց: Պակմենի պարտությանը մենք առավել քան հանգամանալից անդրադարձել ենք մեր հրապարակումներում և ոչ մեկ անգամ, սակայն մեկ անգամ էլ ցավով հիշեցնենք, որ հերթական անգամ պրոֆեսիոնալ բռնցքամարտն ավելի քան տեսանելի ի ցույց դրեց իր կեղտոտ բարքերը: Ցավոք, այս պարտությանը հաջորդեց Մենիի մեկ այլ պարտություն, ու իրողությունների նման զարգացման արդյունքում այնպես ստացվեց, որ Մեյվեզերի միակ ռեալ մրցակցի համարում ձեռք բերեց քսաներեքամյա մեքսիկացի հրաշքը` Սաուլ Ալվարեսը, ով արդեն երեք տարի «չեմպիոնություն էր անում» վարկածներից մեկում:
Տարվա մենամարտին մրցակիցները ներկայացել էին անցյալի հսկայական պաշարով: Պրոֆեսիոնալ սպորտում իր տասնյոթ տարիներին պարտություն ասվածն այդպես էլ չիմացած Ֆլոյդի քառասունչորս մարտերին Սաուլը հակակշռելու պակաս բան չուներ` քառասուներկու անպարտ մարտ ու ընդամենը մեկ ոչ-ոքի: Ինչպես տեսնում ենք, մրցակիցների մարտերի թվի մոտավոր հավասարությունը փորձի առումով ոչ մեկին վճռական առավելություն չէր խոստանում: Այլ բան, որ դրանց որակական կազմն էր բավական տարբեր. Մեյվեզերի ճանապարհին համաշխարհային բռնցքամարտի շատ ավելի վառ անհատականություններ են եղել, սակայն այնպես էլ չէ, թե Ալվարեսը խուսափել է որևէ մեկից: Ինչ վերաբերում է մարզիկների տարիքին, այստեղ, թերևս, մտորելու բան կար: Ամերիկացին երեսունվեց տարեկան էր, մեքսիկացին` տասներեքով պակաս: Սակայն այս պարագայում ամենահետաքրքրականն այն էր, որ ոչ մեկը Մեյվեզերի պատկառելի տարիքը քննության չէր էլ առնում, քանզի բնությունն այս մարզիկին շռայլորեն օժտել է ֆանտաստիկ շարժունակությամբ, և մինչև այս մարտը չի եղել աշխարհում մի մարզիկ, ով ի վիճակի լիներ նրան գերազանցելու արագությամբ:
Թե որքան մեծ էր այդ մարտի նկատմամբ հետաքրքրությունը, հիշատակենք սոսկ մեկ փաստ: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի պատմության մեջ մինչ այս հանդիպումը չի եղել դեպք, որ կշռման արարողությանը ներկա գտնվի… տասնութ հազար մարդ, իսկ այս տասնութ հազարը MGM Grand կազինոյի ունեցած նստելատեղերի առավելագույն թիվն է:
Հայտնի է, որ նման մարտերն ու դրանց նախորդող իրադարձություններն ունեն ցուցքի բոլոր բաղադրիչները: Բնականաբար, միանգամայն անսպասելի, տրամաբանությունից դուրս կլիներ, եթե նման ցուցքերի բացառիկ սիրահար Մեյվեզերը պատեհ առիթը բաց թողներ ձեռքից: Կշռման վայր իր բաժին չեմպիոնական գոտին բերած Ֆլոյդն անմեղ կույսի դեմքով Ալվարեսին առաջարկեց այն բռնել, ինչպես ասում են, զգալ մաշկի վրա: Սրա ենթատեքստն ավելի քան բացահայտ էր. ամերիկացին անուղղակի ուզում էր ասել` գոնե ձեռք տուր այն բանին, ինչը քեզ համար սոսկ երազային է: Մեքսիկացին, իհարկե, կուլ չտվեց խայծն այն նույն արժանապատվությամբ, որով դիմացավ և կշռման արարողությունից հետո պրոֆեսիոնալ ռինգում ընդունված դեմ-դիմաց կանգնելու, հայացքներով միմյանց մեջ մխրճվելու փորձությանը, իսկ Մեյվեզերը, գրողը տանի, այնպես արհամարհալից, այնպես մեծամիտ, այնպես լկտի նայել գիտե, որ եթե նյարդերից թույլ լինես, առաջին իսկ պատահած բանը նվազագույնը գլխին կտաս: Ինչևէ:
Ապագա մարտի մասին ինչ կարծիքի էին կողմե՞րը:
Ալվարեսը հարգալից լավատես էր, Մեյվեզերը, ինչպես միշտ, իր տարերքի մեջ. «Երբևիցե կպարտվե՞մ: Իհարկե կպարտվեմ… քսան տարի հետո»:
Չերկարացնենք: Մարտն ավարտվեց Մեյվեզերի հաղթանակով, հանուն ում մի անգամ ամերիկյան դատարանը նրան ազատազրկելու որոշումը (հարազատ կողակցին շփոթել էր բռնցքամարտի «տանձի» հետ ու մի լավ դնգստել) վեց ամսով հետաձգել է մարզաշխարհին այս բացառիկ երևույթի մարտը դիտելու հնարավորությունից չզրկելու, առաջիկա մենամարտին հիմնովին նախապատրաստվելուն չխոչընդոտելու համար (սա, որպես հիշեցում, նրա ունեցած անսահման ակնկալվածության, որի դեմ անգամ ամերիկյան արդարադատությունն է հետքայլ կատարել): Դրա համար պահանջվեց տասներկու ռաունդ:
Խոստովանենք` թեև Ալվարեսն անուրանալի տաղանդ է, ու, սրան գումարած, մեր «լյուբիմչիկը» (ներողություններս թե՛ օտարահունչ բառի, թե՛ անձնականի տարրերի համար), Մեյվեզերին հաղթելու մեկ հնարավորություն ուներ` հարցը լուծել նոկաուտով, սակայն դրա համար անհրաժեշտ մի նախապայման կար` կարողանալ նրան «բռնել» ռինգում, իսկ այդպիսի բախտավորություն առայսօր աշխարհում չի ունեցել ոչ ոք: Իսկ եթե սրան գումարենք գերծանր հարվածները մեղմել-չեզոքացնելու ամերիկացու բացառիկ ունակությունը, ապա պարզ է դառնում ամեն ինչ: Փաստը մնում է փաստ. եթե Ալվարեսն այդ օրը ցանկանում էր պատմություն կերտել, պիտի կարողանար նախ հերոսանալ, մինչդեռ այդ հերոսանալը չստացվեց: Հուսանք` առայժմ:
Թերևս մի երկու խոսք էլ հետխաղյա գնահատականների մասին:
Նորից ենք կրկնում` Մեյվեզերն անուրանալի տաղանդ է ու դրա հետ մեկտեղ նույնքան անուրանալի լկտի, սակայն, այդուհանդերձ, այնքան բարձր եղավ, որ հավուր պատշաճը մատուցեց երիտասարդ մրցակցին` ասելով. «Ալվարեսը երիտասարդ և ուժեղ չեմպիոն է: Հրաշալի մեքսիկացի չեմպիոն: Ես գլխարկս հանում եմ նրա ու Մեքսիկայի առաջ»:
Իր գնահատականի մեջ բարձր էր նաև մեքսիկացին. «Ամեն ինչ շատ պարզ է, որովհետև ես որքան էլ ջանացի, նա պարզապես անորսալի էր: Մենք պարզապես չգիտեինք ինչ անել այդ շարժման հետ: Նա հրաշալի բռնցքամարտիկ է»:
Այսքանը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ